ԻՊ-ն պատասխանատվություն է ստանձնել Կահիրեում ղպտիական եկեղեցում կազմակերպած պայթյունի համար, որի հետեւանքով զոհվել էին տասնյակ մարդիկ, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։

Հզոր պայթյունը որոտացել էր կիրակի Կահիրեում ղպտիական եկեղեցում տեղի ունեցող պատարագի ժամանակ։ Վերջին տեղեկություններով զոհվել է 25, վիրավորվել 49 մարդ։

Նախօրեին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին Կահիրեում սգո արարողության ժամանակ հայտնել է, որ եկեղեցում պայթյուն իրականացնողը երիտասարդ ահաբեկիչ է եղել, որը ղպտիական եկեղեցի էր եկել մահապարտի գոտով։

Այս գործով արդեն չորս մարդ է ձերբակալվել՝ երեք տղամարդ ու մեկ կին։ Քննությունը կարծում է, որ հենց նրանք են մարզել ու պատրաստել մահապարտին, ընտրել ահաբեկչության վայրը, պատրաստել պայթուցիկ սարքը։