Հայաստանի քաղաքներից մեկում հնարավոր է ներդրվի «Խելացի քաղաք» նախագիծը: Այս մասին նշվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ու չինական «GSAFETY» ընկերության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տրանսպորտի ոլորտում անվտանգության համակարգերի ներդրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «Խելացի քաղաք» նախագծի մշակման եւ այն Հայաստանի քաղաքներից մեկում ներդնելու հնարավորություններին:

Ընկերության կառավարման խորհրդի անդամ Սյուե Հայլունը ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները եւ պատրաստակամություն հայտնել գործակցություն ծավալել նաեւ հանրային տրանսպորտի կառավարման եւ երթեւեկության անվտանգությանը վերաբերող համակարգերի ներդրման գործում:

Վարչապետը ողջունել է չինական կողմի՝ մեր երկրում ներդրումային ծրագրերին ներգրավելու պատրաստակամությունը եւ նշել, որ «GSAFETY»-ի համար Հայաստանը կարող է լավ հարթակ հանդիսանալ նաեւ ԵՏՄ շուկա դուրս գալու գործում: Կառավարության ղեկավարն առաջարկել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ  ավելի առարկայական քննարկել փոխգործակցության հնարավոր ոլորտներն ու ծրագրերը: