Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականության պատճառով Եվրոպան վտանգավոր վայր է դարձել, որտեղ ազատ սահմաններն ահաբեկիչներին ձեռնտու են, նշված է The Week պարբերականի թղթակից Մայքլ Դոգերթիի սյունակի «Անգելա Մերկելը Եվրոպան կործանում է» հոդվածում:
«Ամենավատն այն է, որ «եվրոպական արժեքները» պաշտպանելու Մերկելի ձգտումը Եվրոպայում կյանքը, հավանաբար, ընդմիշտ փոխել է: Առանց սահմանների աշխարհը, որ խորհրդանշում էր հասարակական կարգն ու բարգավաճումը, վերածվել է վտանգի աղբյուրի»,- նշել է նա:
Դոգերթին նշել է, որ երբ Գերմանիայի դաշնային կանցլերը 2015-ին նպաստեց ավելի քան մեկ միլիոն միգրանտների հոսքին, նրան փառաբանում էին, իսկ նրա որոշումն անվանում «մարդասիրության հաղթանակ»:
Բայց երբ Բեռլինում բեռնատարը, որի ղեկին միգրանտ էր նստած, մխրճվեց ծննդյան տոնավաճառի մեջ, որի հետեւանքով 12 մարդ զոհվեց, արդարացի է պնդել, որ Մերկելի քաղաքականությունը աղետի է վերածվել, կարծում է The Week-ի լրագրողը:
Այդ հարձակման մեջ կասկածվող 24-ամյա Անիս Ամրին, որն արդյունքում Միլանում ոստիկանության կողմից գնդակահարվեց, ենթադրաբար թունիսցի փախստական էր: Ըստ որում՝ բաց սահմաններն են նրան թույլ տվել հանցագործությունը կատարելուց հետո Գերմանիայից հեռանալ եւ նախ Ֆրանսիայում, հետո Իտալիայում հայտնվել, հավելել է նա:
Հեղինակը հիշեցնում է, որ 2016 թվականը, որը Գերմանիայի համար ավարտվում է Բեռլինում զոհվածների սգով, սկսվել է Քյոլնում կանանց վրա հարձակումներով, որոնք ենթադրաբար իրականացրել են ապաստան հայցողները: Դրանից հետո այլ իրադարձություններ էլ են եղել՝ Անսբախի պայթյունից սկսած, որն իրականացրել էր սիրիացի փախստականը, մինչեւ եվրապաշտոնյա Մարիա Լանդենբուրգերի 19-ամյա դստեր սպանության գործով 17-ամյա աֆղանցու կալանքը:
«Սա միայն Գերմանիայի համար չէ աղետ»,- նշել է հեղինակը՝ հիշելով Բրյուսելի, Փարիզի եւ Նիսի ահաբեկչությունները:
Ինքը՝ Մերկելը պնդել է, որ անհրաժեշտ է ընդունել այդքան մեծ թվով փախստականներին, որովհետեւ միայն այդպես է հնարավոր է «եվրոպական արժեքներին» հավատարիմ մնալ: Սակայն Եվրոպայում ահաբեկչության ներկայիս ալիքը «մահացու վտանգ» է ներկայացնում ոչ միայն նրա կուսակցությանը, այլ ընդհանրապես Եվրամիությանը:
Այժմ եվրոպական առանձին երկրներ միգրանտներին ինտեգրելու նոր միջոցների որոնման փոխարեն, զբաղված են նրանց հսկելու նոր միջոցների որոնմամբ: «Ոչ ոք այսպիսի Եվրոպա չէր ցանկանում»,- ամփոփել է Դոգերթին:





























