Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի աջակցությունը վայելող թեկնածուների ավելի քան 90 տոկոսը հաղթանակ է տարել նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններում:

«Միանալով երկրի բոլոր ամերիկահայերին՝ մենք շնորհավորում ենք այս ընտրությունների հաղթողներին երկու կուսակցություններից եւ կառուցողական համագործակցության հույս ունենք Կոնգրեսի նոր անդամների եւ առաջնորդների հետ»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ANCA-ի աջակցությունը վայելող 6 սենատորներից 5-ը հաղթանակ են տարել, այդ թվում՝ Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը, Մարկ Քիրքը, Բարբարա Բոքսերը, Չակ Շումերը եւ Բարբարա Միկուլսկին: ANCA-ի թեկնածուներից պարտություն է կրել միայն Ռասս Ֆայնգոլդը:

ANCA-ն աջակցում էր նաեւ Ներկայացուցիչների պալատի 158 թեկնածուների՝ 31 նահանգներում: Այդ թվից 152-ը վերընտրվել են, որոնցից առավոտվա դրությամբ պարտվել են միայն 7-ը: Նոր ընտրվող 6 թեկնածուներն էլ հաղթանակ են տոնել, այդ թվում Մայքլ Գրիմը, ով ANCA-ի ակտիվիստների աջակցությամբ զրկել է մանդատից Մայքլ ՄքՄահոնին՝ Հայոց ցեղասպանության բանաձեւի հակառակորդին:

Առանցքային հաղթողների շարքում են նաեւ Էրիկ Կանտորը, ով, ամենայն հավանականությամբ, կլինի մեծամասնության առաջնորդը Ներկայացուցիչների պալատում, եւ Թադեուս ՄքՔոթթերը, ով եւս Հանրապետական կուսակցության ղեկավարներից է: