«Ելք» դաշինքը Լոս Անջելեսում հայ համայնքին ներկայացնում է` ինչպիսին են առաջիկա ընտրությունները, եւ ինչ հույսեր կարող է այն արթնացնել հայրենիքից հեռու ապրող հայերի մոտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են նախընտրել դաշինքի ծրագիրը սկզբում ներկայացնել Միացյալ Նահանգների հայ համայնքին, մինչդեռ նրանց ընտրողները Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացիներն են:

«Միացյալ Նահանգներն ունի շատ մեծ հայկական համայնք, որը լուրջ ազդեցություն ունի, եւ որեւէ մեկը չի կարող ասել` այնտեղ ապրող, առավել եւս վերջին տարիներին մեկնած հայ հանրությունը չի քնում ու արթնանում Հայաստանով: Ո՞վ է ասում, որ մենք գնում ենք, որ իրենք մեզ աջակցեն, մենք նրանց ներկայացնում ենք Հայաստանի իրավիճակը, թե Հայաստանի այս ընտրություններն ինչպիսին են լինելու, դրանց հետ կապված ինչ հույսեր կարող են արթնանալ: Թե իրենք ինչպես կաջակցեն` իրենց խնդիրն է, կարող են զանգահարել Հայաստանում ապրող իրենց հարազատներին ու ասեն` գիտեք ինչ, այդ տղերքը եկան այստեղ, ներկայացրեցին եւ ամեն ինչ լավ էր»:

Հարցին` պատրաստվո՞ւմ են ընտրություններից առաջ նույն նպատակով մեկնել ոչ պակաս մեծ համայնք ունեցող Ռուսաստան, հանդիպել հայրենակիցների հետ ներկայացնել դաշինքի մոտեցումները, առավել եւս որ Ռուսաստանն ավելի մոտ է, եւ մարդիկ նույնիսկ կարող են անձամբ գալ ու քվեարկել դաշինքի օգտին, Սարգսյանը պատասխանեց. «Դժբախտաբար, Ռուսաստանի հայկական համայնքի հետ հավաքներ կազմակերպելն անհնարին է, եթե դու իշխանություն չես կամ գրեթե անհնարին է, որովհետեւ այդ համայնքը վախենում է համ Հայաստանի իշխանություններից, համ Ռուսաստանի»:

 Նշենք, որ Արամ Սարգսյանը եւ դաշինքի մեկ այլ անդամ՝ Էդմոն Մարուքյանն այս օրերին ԱՄՆ-ում են եւ հանդիպումներ են ունենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: