Շիրակի մարզում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, փոխանակելով թեկնածուները, պատարստվում են թեժ ընտրապայքարի: Նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի ՀՀԿ-ի տարածքային ցուցակով, իսկ ՀՀԿ-ական, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ ԲՀԿ-ի ցուցակով: Վարչական ռեսուրսներ ունեցող ՀՅԴ-ի հույսը կուսակցության ծրագրերն ու գաղափարներն են: Մարզպետ Հովսեփ Սիմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ եթե ընտրապայքարը անձերի միջեւ է ընթանալու եւ ոչ թե քաղաքական ուժերի ծրագրերի, ուրեմն իրենք բարդությունների առջեւ կանգնելու են:
«Ինչ պիտի իմանանք՝ ոնց են քվեարկելու մարդիկ, պիտի յուրաքանչյուր ուժ աշխատի իր ծրագիրը ներկայացնի, արժանա համակարանքի եւ ժողովրդի ձայնը հավաքի, ուրիշ տարբերակ չեմ տեսնում: Պիտի գաղափարների ու ծրագրերի պայքար լինի, եթե անձերի պայքար է լինելու, բարդություններ կլինեն»,-ասաց մարզպետը:
Նա շեշտեց, որ դասեր են քաղել 2016-ի հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից: Այն ժամանակ ՀՅԴ մարզային խորհուրդը չկարողացավ բավականաչափ ձայն ապահովել կուսակցության օգտին, ինչը հարուցել էր կուսակցության ղեկավարության զայրույթը:
Հարցին՝ շուրջ մեկ տարի մարզպետի պաշտոնում աշխատելով՝ քանի՞ հոգու համակրանքի է արժանացել, պատասխանեց. «Ես ինչ իմանամ՝ ընտրողների համար որն է կարեւոր, ինչ չափանիշներ են հաշվի առնելու, որ ձայնը տան այդ ուժին: Անցած ընտրություններին որ մեր աշխատանքից, կուսակցական աշխատանքից դժգոհ են եղել, դա ճիշտ է: Հետո մենք հարցը քննարկել ենք, տեսակետները նախանշվել է ղեկավարության կողմից եւ հիմա աշխատում ենք՝ այդ թերությունները չունենալ եւ ավելի համախմբված ներկայացնել մեր մոտեցումներն ու ստանալ համապատասխան քվեն»,-ասաց Հովսեփ Սիմոնյանը:
Ասաց՝ Գյումրիի ընտրությունների ժամանակ թերացել են կազմակերպչական հարցերում:
«Իհարկե, դասեր քաղել ենք, մի բան կարող եմ ասել, որ տարբեր ընտրություններ են, տարբեր խնդիրներ լուծող ընտրություններ են եւ դա պետք է նկատի ունենալ: Բնական է, կազմակերպչական խնդիրներ կային, որ համախմբված չենք կարողացել լուծել այն խնդիրը, որ դրված էր մեր առաջ: Քննարկվել է, պարզվել է, հիմա կփորձենք ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերել, մեր քարոզարշավի մեջ հաշվի կառնենք՝ որ տարբերակն է ավելի ճիշտ»:
Ինչ վերաբերում է վարչական լծակների միջոցով քվե ստանալուն, մարզպետն ասաց.
«Ես ասում եմ՝ եթե պարտադրեն, քանի տարբերակ ունեն մարդիկ չլսելու ու պարտադրողին էլ խաբելու, շատ տարբերակներ կան.... Ինչի եք մտածում,որ մարդուն կարելի է վախեցնել, չգիտեմ ինչ անել, որ գան քեզ ընտրեն: Շատ ժամանակ էլ որ ուզում են չնեղացնեն, կասեն՝ էս ինչը ինձ ստիպել է, որ ընտրեմ: Ես գտնում եմ, որ էն ժամանակները չեն, որ որեւէ մեկը կկարողա ընտրողի համար արգելք լինել, եթե ընտրողը որոշել է ինչ-որ մեկին ընտրել, հատկապես որ գաղտնի քվեարկություն է»,-ասաց Հովսեփ Սիմոնյանը:




























