Հունվարի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց եւ ելույթ ունեցավ Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Կանադայի դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասաց.

«Հարգելի պարոն դեսպան Քյոր,

Տիկնայք եւ պարոնայք,

25 տարի առաջ՝ 1992թ. հունվարի 31-ին, Հայաստանի Հանրապետությունն ու Կանադան հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ:

Անցած քառորդ դարի ընթացքում մենք կարողացանք մեր երկրների միջեւ ձեւավորել ջերմ բարեկամության եւ սերտ համագործակցության ամուր եւ կայուն հարաբերություններ: Հայ-կանադական կապերն, անշուշտ, շատ ավելի հին պատմություն ունեն եւ սկիզբ են առնում Կանադայում առաջին հայերի հաստատումից:

Միջազգային ասպարեզում Կանադան այսօր հայտնի է իր լայնածավալ մարդասիրական ծրագրերով: Սակայն քչերը գիտեն, որ ամենաառաջին այդպիսի ծրագրերից մեկով կանադական կառավարությունը Օնտարիո նահանգի Ջորջթաուն քաղաքում պատսպարել եւ նոր կյանք սկսելու հնարավորություն է տվել Հայոց ցեղասպանությունը վերապրած 109 հայ մանուկների:

Կանադան սկզբունքային դիրքորոշում է որդեգրել ի պաշտպանություն արդարության ու ճշմարտության` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների մակարդակով: Բարձր ենք գնահատում Կանադայի վարչապետերի կողմից ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձները:

Մենք կարեւորում ենք ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հանդեպ Կանադայի հավասարակշռված ու անկողմնակալ դիրքորոշումը եւ արժեւորում ենք կանադացի այն խորհրդարանականներին, ովքեր անձամբ այցելել են Արցախ:

Հայաստանի ու Կանադայի միջեւ փոխայցելություններն ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը կրում են շարունակական բնույթ: Վերընթաց զարգացում են ապրում տնտեսական հարաբերությունները, որոնք տարածվում են բազմաթիվ ոլորտների վրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչեւ հանքարդյունաբերություն: Ամուր են միջխորհրդարանական կապերը, երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամության խմբեր:

Արդյունավետ է մեր փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հատուկ գոհունակությամբ պետք է նշեմ մեր սերտ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, որի գագաթաժողովը 2018թ. հյուրընկալելու պատվին արժանացավ Հայաստանը:

Ցանկանում եմ ընդգծել այն կարեւոր դերը, որ կանադահայ համայնքը խաղում է` բազմաթիվ տարաբնույթ նախաձեռնություններով իրար կապելով մեր երկրները:

Օգտվելով այս առիթից՝ ցանկանում եմ նաեւ երախտագիտության եւ գովեստի խոսքեր հղել Հայաստանում արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Քյորին, ով իր անձնակազմի հետ միասին տեսանելի աշխատանք է տանում հանուն հայ-կանադական հարաբերությունների զարգացման:

Այսօր հայ-կանադական հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ, նոր քառորդդարյա շրջան: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով բարեկամությունն ու գործընկերությունը Հայաստանի եւ Կանադայի միջեւ կշարունակեն խորանալ եւ ընդլայնվել` նոր նշանակալի էջեր գրանցելով մեր հարաբերությունների շտեմարանում:

Շնորհավորում եմ այս կարեւոր հոբելյանի` Հայաստանի ու Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով»:

Միջացառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան կանադացի եւ հայ արվեստագետներ։