Աշխատանքային այցով Իսրայելում գտնվող Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարար Նաբի Ավջըն իսրայելցի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ զվարճացրել է ներկաներին։

Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելում Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթ նախարար Նաբի Ավջըն իսրայելցի իր գործընկեր Յարիվ Լեւինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Գազայի հատվածում իսրայելական կողմի հարձակումներին «Համաս»–ը չի պատասխանի, քանի դեռ ինքը Թել Ավիվում է գտնվում։ Այս պատասխանը ծիծաղեցրել է հանդիպմանը ներկա գտնվող իսրայելցի պաշտոնյաներին։

Այնուհետ թուրք նախարարը հայտնել է, թե Կնեսետի կողմից պաղեստինյան բնակավայրերում կառուցված հրեական տների օրինականցումը կչեղարկվի Իսրայելի բարձրագույն դատարանի կողմից։ Սա կրկին զվարճացրել է իսրայելական կողմին, իսկ Իսրայելի տուրիզմի նախարարը թուրք նախարարին ասել է, որ եթե Բարձրագույն դատարանը չեղարկի Կնեսետի որոշումը, ապա ինքը թուրք նախարարին իր հաշվին կհրավիրի արձակուրդն անցկացնել Իսրայելում։ Թուրք նախարարն էլ իր հերթին պատասխանել է, որ հակառակ դեպքում էլ ինքը Յարիվ Լեւինին իր հաշվին կհրավիրի Անթալիա հանգստանալու։