Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունները ներկայացնող հեղինակավոր կոնգրեսականների խումբը հանդես է եկել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը լրջորեն դժվարացնող նախաձեռնությամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ–ի Կոնգրեսի ստորին պալատի ներկայացուցիչների հրապարակած «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերանայման ակտը» (Russia Sanctions Review Act) պարտավորեցնում է ԱՄՆ–ի նախագահին նախապես տեղեկացնել Կոնգրեսին պատժամիջոցները վերացնելու ծրագրերի մասին։ Պատժամիջոցների ցանկացած մեղմումը, նախագծի հեղինակների կարծիքով, հնարավոր է միայն Կոնգրեսի համաձայնությամբ։  

Նախորդ շաբաթ նմանատիպ օրինագիծ ներկայացվել էր Սենատի քննարկմանը։ Օրենսդրական նոր նախաձեռնության հեղինակները նույնպես երկու կուսակցությունների ներկայացուցիչներն են՝ դեմոկրատներ Սթենի Հոյերը, Ադամ Շիֆը, Էլիոթ Էնգլը եւ հանրապետականներ Թոմ Ռունին եւ Ադամ Քինզինգերը։

«Սա կուսակցական նախապատվությունների հարց չէ։ Յուրաքանչյուր ամերիկացի՝ հանրապետական թե դեմոկրատ, մտահոգված է Ռուսաստանի գործողություններով։ Այդ պատճառով պատժամիջոցների ոչ մի չեղարկում չի լինելու, քանի Մոսկվան արժանի չլինի դրան», – հայտարարել է օրինագիծը ներկայացնող Սթենի Հոյերը։

Կոնգրեսի երկու պալատներ ներկայացված օրինագծերը ենթադրում են, որ ԱՄՆ–ի նախագահի կողմից պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին հայտարարելուց հետո օրենսդիրները 120 օր ունեն Սպիտակ տան որոշումը քննարկելու եւ արգելափակելու համար։ Այդ ընթացքում նախագահը որեւէ որոշում կայացնել չի կարող։

 

Բացի այդ, պատժամիջոցների չեղարկումը հնարավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը Կոնգրես չի ներկայացրել ապացույցներ, որոնք վկայում են, որ Մոսկվան դադարել է աջակցել զինված անջատողականներին Ուկրաինայում եւ հրաժարվել է հարեւան պետության գործերին խառնվելու փորձերից։