Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում այսօր՝ մարտի 1-ին, տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում դանակահարված 23-ամյա Աբրահամ Ադամյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ երիտասարդն ունի որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերք, վիրահատությունից հետո նրա վիճակը կայունացել է:

Սայաթ-Նովայի համայնքապետ Ռազմիկ Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դանակահարված երիտասարդը ԲՀԿ-ի թիմակիցներից է, սակայն, վիճաբանությունը, որի արդյունքում նա դանակահարվել է, քաղաքական բնույթ չի կրել:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ  երիտասարդ ԲՀԿ ակտիվիստին դանակահարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի թիմակիցը: Իսկ Մուրադ Մուրադյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր լուրը, թե դանակահարողը Մուրադ Մուրադյանի շտաբի պետն է: