Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 14:30-ի սահմաններում Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի միանգամից 9 աշակերտներ: Հիվանդանոց ընդունվելու պահին երեխաներն ունեցել են թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց:

Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երեխաներից մեկին ժամեր առաջ դուրս են գրել հիվանդանոցից: Մյուսների վիճակը ըստ տնօրենի՝ բավարար է: Նրանց արդեն վաղը դուրս կգրեն հիվանդանոցից:

Թե ինչն է եղել թունավորման պատճառը՝ հստակ դեռևս չի պարզվել, միանշանակ է սակայն, որ երեխաները սնվել են դպրոցի ճաշարանում: Միևնույն ժամանակ՝ դպրոցում սնվել է նաև 150 աշակերտ, որոնցից թունավորվել են միայն նրանցից 9-ը: