Սոցիալական ապահովության ծառայության պետ, ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը գտնվում է Մոսկվայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնի է դարձել ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրներից: Ըստ այդ աղբյուրի, ներկայումս Խաչիկյանն իրեն բավարար է զգում, սակայն իր կուսակիցների հետ խոսակցություններում նա խուսափում է իր հրաժարականի շուրջ զրույցներից: Նա ոչ հաստատում, ոչ էլ հերքում է իր հրաժարականի մասին տեղեկությունը:

Նշենք, որ ըստ մամուլի այսօրվա հրապարակումների, Խաչիկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է այն բանից հետո, երբ Վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացրել իր ղեկավարած  «յուղոտ» կառույցում  եւ բազմաթիվ աղաղակող չարաշահումներ հայտնաբերել: Ըստ լուրերի՝ ստուգումների արդյունքներին ծանոթանալուց հետո Խաչիկյանի ճնշումը կտրուկ բարձրացել է, առողջական այլ շեղումներ են ի հայտ եկել եւ նա  հրաժարականի դիմում է գրել ու հեռացել Մոսկվա: NEWS.am-ին նախարարությունից այդպես էլ չպատասխանեցին՝ Խաչիկյանն արդյոք  հրաժարականի դիմում գրե՞լ է եւ որտեղ է նա հիմա: Նախարարության հասարակայության հետ կապերի բաժնից ասացին, որ լուրը ճշտենք ծառայության մամլո պատասխանատուից: Նա էլ կասկածանքով ասաց, որ Խաչիկյանը Հաաստանում է, ինչ վերաբերում է հրաժարականի դիմումին, ապա  որեւէ դիմումի մասին ինքը տեղյակ չէ: «Մենք էլ թերթից իմացանք այդ մասին»,-ասաց ծառայության մամուլի պատասխանատուն եւ առաջարկեց դիմել նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին: