Լոնդոնի ոստիկանությունը առաջին հայտարարությունն է արել Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասվում է, որ չնայած հարձակման դրդապատճառների մասին վստահության բացակայությանը՝ արդեն մեկնարկել է լիարժեք հակաահաբեկչական գործողություն՝ Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական բաժանմունքի ղեկավարությամբ,  հայտնում է BBC-ն։

«Այս պահին մենք պատրաստ ենք հաստատել այն, ինչը մեզ հայտնի է, առանց վարկածներ առաջադրելու։ Մենք մի շարք հաղորդագրություններ ենք ստացել՝ Թեմզայում մի մարդու մասին, ավտոմեքենայի մասին, որը վարողը անցորդների վրա էր ուղղել եւ դանակով զինված մարդու մասին։

Սկսվել է հետաքննություն ու մենք խնդրում ենք բոլոր նրանց, ում տրամադրության տակ կան միջադեպի տեսագրությունները կամ լուսանկարները, փոխանցել դրանք ոստիկանությանը։

Ոստիկանական միջոցառումները դեպքի վայրում որոշ ժամանակ էլ կշարունակվեն, քանի որ մեզ համար շատ կարեւոր է հավաքել բոլոր հնարավոր ապացույցները։

Մեր առաջնայնությունը հասարակական անվտանգությունն է, դրա համար էլ մենք վերանայում ենք Լոնդոնում ոստիկանական հսկողության քաղաքականությունը։ Օրվա ընթացքում Լոնդոնի փողոցներում կհայտնվեն լրացուցիչ պարեկախմբեր»,- ասվում է հայտարարության մեջ։