ՄԱԿ-ը հույս ունի, որ ԵՄ-ի ու Հունաստանի միջեւ համագործակցությունը կամրապնդվի ու փախստականների վերաբնակեցման հարցը կլուծվի։ Այս մասին հայտնել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։ Նա ուշադրություն է հրավիրել, որ Հունաստանից 66․4 հազար փախստականների ԵՄ այլ երկրներ տեղափոխելու ծրագիրը բավականաչափ արագ չի իրականացվում։
ՄԱԿ փախստականների հարցերով վարչության տվյալներով մարտի 20-ի դրությամբ Հունաստանից այլ եվրոպական երկրներ են տեղափոխվել ընդամենը 10 հազար փախստականներ։ Գրանդին շեշտել է, որ Հունաստանը մենակ չի հաղթահարի իր կղզիներում ստեղծված իրավիճակը, որտեղ ժամանակավոր ապաստան են գտել Ասիայից ու Աֆրիկայից ժամանած հազարավոր փախստականներ։ Գերագույն հանձնակատարի խոսքով, վարչությունը այսուհետ էլ օգնություն է ցուցաբերելու, սակայն ի սկզբանե կարեւոր նշանակություն ունի նաեւ ԵՄ անդամ երկրների աջակցությունը։
«Հունաստանից մյուս եվրոպական երկրներ փախստականների տեղաբաշխման տեմպերի արագացումը ու նրանց քանակի ավելացումը առանցքային քայլ է իրավիճակի բարելավման համար։ Եվրոպայի երկրները պետք է համերաշխություն դրսեւորեն ու կիսեն պատասխանատվությունը»,- նշել է Գրանդին։




























