ՄԱԿ ԳՎ-ն մարտի 27-ին բացել է նիստ, որի նպատակն է մշակել հռչակագիր՝ միջուկային զենքն ամբողջությամբ արգելելու մասին։ Համաժողովի անցկացումն աջակցել է ԳՎ 193 անդամ երկրներից 123-ը, ընդ որում պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես միջուկային զենք ունեցող ինը պետություններից ոչ մեկը նիստին չի մասնակցում, հայտնում է DW-ն։
Գերմանիան, ինչպես եւ ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասը ձեռնպահ է մնացել այս հարցով քվեարկությունից, հիմնավորելով որ առանց միջուկային պետությունների մասնակցության այս համաժողովի անցկացումն անիմաստ է։
Ամենահզոր միջուկային զինանոցն ունեն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, իսկ մյուս պաշտոնապես միջուկային պետություններից են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանն ու Պակիստանը։ Իսրայելը չի մեկնաբանում միջուկային մարտագլխիկներ ունենալու մասին տեղեկությունը։ Հյուսիսային Կորեան 2005-ին հայտնել էր միջուկային զենք ստեղծելու մասին, սակայն պարզ չէ, թե ինչ առաջխաղացման է հասել Փհենյանն իր այս ծրագրերի իրականացման հարցում։




























