ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը Հայաստանում կավարտվի 2011 թ. սեպտեմբերին։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի ամերիկյան օժանդակության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը՝ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո։ Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ «ՀՄ» ծրագրի շարունակման կամ ձեռքբերումների պահպանման հարցերը։ Դատելով Ռոզենբլյումի պատասխաններից՝ հազիվ թե ամերիկյան կառավարությունը շարունակի ծրագիրը 2011 թ. հետո։
Հիշեցնենք, որ 2009 թ. հունվարին ԱՄՆ պետքարտուղարությունը որոշեց մասամբ դադարեցնել ՀՄ ծրագրերը Հայաստանում, առաջին հերթին՝ գյուղական ճանապարհների շինարարության ոլորտում։ Ծրագիրը ունի դրամաշնորհային բնույթ, Հայաստանին հատկացված օգնությունը նախապես կազմում էր 230 մլն դոլար։
Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի տեղեկացմամբ՝ «ՀՄ» կողմից ֆինանսավորման դադարեցումից հետո այդ ծրագրերը ֆինանսավորվել են Համաշխարհային բանկի վարկերի հաշվին։





























