Ես շատ կերազեի, որ այդ 15 մլրդ դոլարն իրողություն դառնար: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ըստ որի իրենց հաղթանակի դեպքում 15 մլրդ դոլարի ներդրում կբերի Հայաստան:

«Ես շատ կերազեի, որ այդ 15 մլրդ դոլարն իրողություն դառնար: Եթե մենք նայենք իրատեսության շրջանակներում, դուք աշխարհում որևէ երկիր չեք տեսնի, որ ներդրումներն անմիջապես դառնան 15 մլրդ, դա հնարավոր չէ։ 15 մլրդ-ը մեր ՀՆԱ-ի 150 տոկոսն է: Մենք ունենք 10 մլրդ-անոց տնտեսություն դոլարային արտահայտությամբ»,- ընդգծեց նախարարը:

Հարցին, թե իրատեսակա՞ն է վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած 3,2 մլրդ դոլարի ներդրումները, Վարդան Արամյանը պատասխանեց. «Դա եւս հնարավոր չէ 1 տարվա ընթացքում: Մենք դա ասել ենք՝ առաջիկա տարիների ընթացքում։ Ուղղակի 3 մլրդ-ի չափով մենք ծրագրեր արդեն իսկ ունենք նախագծած»: