Վենեսուելայի գերագույն դատարանը ընդդիմության հսկողության տակ գտնվող խորհրդարանին մեղադրել է պետությունն ապակայունացնելու մեջ։

«Վենեսուելայի խորհրդարանը խաթարում է սահմանադրական կարգը, ժողովրդավարությունն ու քաղաքական կայունությունը»,- ասվում է Գերագույն դատարանի հայտարարության մեջ, փոխանցում է «Սինհուան»։

Հայտարարությունը կտրուկ դատապարտում է Գերագույն դատարանի յոթ դատավորներին պաշտոնից հեռացնելու մասին խորհրդարանի առաջարկը ու կոչ է անում խորհրդարանականներին գործել սահմանադրության շրջանակում՝ ժողովրդավարական օրինականություն ապահովելու համար։

Ընդդիմադիր կոալիցիան ապրիլի 4-ին մայրաքաղաքում կազմակերպել էր իր կողմնակիցների մասնակցությամբ հանրահավաք՝ բողոքելով սահմանադրության խախտումների դեմ ու պահանջելով պաշտոնից հեռացնել Գերագույն դատարանի բոլոր դատավորներին։ Ցուցարարների ու ոստիկանության միջեւ բախումներ էին սկսվել։ Հետագայում ընդդիմությունը հայտնել էր, որ պատգամավորներից շատերը տուժել են բախումներից եւ խորհրդարանը հատուկ նիստ կգումարի՝ դատավորներին հեռացնելու առաջարկը քվեարկության դնելու համար։

Ընդ որում երկրի Ներքին գործերի ու արդարադատության նախարարությունը նշել է, որ հանրահավաքի ընթացքում ընդդիմությունը «միտումնավոր է դիմել բռնության», ինչի կապակցությամբ քննություն է սկսվել։