Հայաստանի քաղաքական դաշտում իսկապես առկա է սերնդափոխության հրամայականը: Այդ մասին նոյեմբերի 156-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Երիտասարդ Քաղաքական Գործիչների Միության խորհրդի անդամ Վահան Դիլանյանը:

Ըստ քաղաքագետի՝ հայաստանյան քաղաքական դաշտի վերափոխման համար նոր մոտեցումներ են հարկավոր, իսկ այդ նոր մոտեցումները կյանքի կոչելու համար նոր պրոֆեսիոնալ մարդկանց պետք է ինտեգրել քաղաքական ու պետական համակարգեր: «Ցավոք, քաղաքական ու պետական համակարգերն աչքի են ընկնում իրենց փակ ու բյուրոկրատական հատկություններով, ինչն էապես խոչընդոտում կամ նվազագույնի է հասցնում նոր մարդկանց մուտքը»,- նշել է միության ներկայացուցիչը:

Նա հստակեցրել է, որ նոր մարդիկ ասելով, նկատի չունի իշխանությանն ու ընդդիմությանը, իսկ քաղաքական դաշտի սերնդափոխությունը չի վերաբերվում միայն տարիքով երիտասարդների` քաղաքական դաշտ մուտք գործելուն: «Խոսքը նոր մոտեցումներով, թարմ գաղափարներով մարդկանց մասին է: Թե չէ, ոնց պտտվում ենք, նույն մարդկանց ենք հանդիպում 88թ-ից, որոնք կամ նոր ուժեր են ստեղծում, կամ վերադասավորվում են քաղաքական այս կամ այն պլատֆորմում եւ այլն»,- նշել է Դիլանյանն ու հավելել, որ քաղաքական դաշտում առկա մյուս կարեւորագույն հիմնախնդիրը տիրող ոչ պրոֆեսիոնալիզմն է:

«Կարեւոր է, որ քաղաքականություն մուտք գործողը բանիմաց լինի, որոշակի ուղի անցնի, իրազեկ լինի քաղաքական դաշտի ու կուսակցական գաղափարախոսւության առանձնահատկություններին, ապա նոր դրանից հետո քայլ անի այս կամ այն քաղաքական ուժին ինտեգրվելու ուղղությամբ»,- ասել է քաղաքագետն ու հավելել. «Թե չէ հիմա քաղաքականություն մուտք գործողները թերեւս առաջնորդվում են Օսկար Ուայլդի այն շատ վառ բնորոշմամբ, թե «Ես սիրում եմ քաղաքական կուսակցությունները, որովհետեւ դրանք միակ տեղն են, որտեղ մարդիկ չեն խոսում քաղաքականությունից»:

Այս դեպքում, ըստ Դիլանյանի, որ նրանք պրոբլեմներ են ստեղծում ոչ միայն իրենց, այլեւ ողջ համակարգի համար: