Հայաստանի Երիտասարդ Քաղաքական Գործիչների Միության գերագույն նպատակն է` ստեղծել քաղաքական դարբնոց, որը կհամալրի Հայաստանի քաղաքական դաշտը նոր ու լայն աշխարհայացք ունեցող երիտասարդներով: Այդ մասին նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Երիտասարդ Քաղաքական Գործիչների Միության խորհրդի անդամ Վահան Դիլանյանը:
Վերջինս նշել է, որ երիտասարդների թիմը հիմա ակտիվ կերպով ներգրավված է նշված նպատակը գերազանց իրականացնելու համար համապատասխան մեխանիզմների մշակման գործում:
«Մենք անդրադառնալու ենք հասարակական, քաղաքական բոլոր հուզող հիմնախնդիրներին` սկսած թմրանյութերի տարածվածության դեմ պայքարից մինչեւ պաշտպանության ոլորտը: Մեր մյուս հանդիպումը կլինի հենց թմրանյութերի դեմ պայքարի մասին»,- նշել է Դիլանյանը:
Նա նշել է, որ «թիմում ընդգրկված են արտասահմանում կրթություն ստացած ու ներկայումս ուսանող, իրենց ոլորտներում գիտակ, ու իհարկե Հայաստանի քաղաքական ապագայով իսկապես մտահոգված մարդիկ»:
Հայաստանի Երիտասարդ Քաղաքական Գործիչների Միությունը ստեղծվել է 2008թ.: Կազմակերպության հիմնադիր նախագահը Ուկրաինայում, Բելառուսում եւ Մոլդովայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հատուկ ներկայացուցիչ Արման Վարդանյանն է:




























