ԱՄՆ Սենատում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն արգելափակել են Նիլ Գորսաչի թեկնածության հաստատումը Գերագույն դատարանի անդամի պաշտոնի համար։ Ըստ կանոնների, թեկնածության հաստատման համար անհրաժեշտ է 100 ձայնից 60-ը, սակայն Գորսաչին պաշտպանող հանրապետականներին ընդամենը չորս դեմոկրատ էր միացել, այնպես որ արդյունքում ձայները բաժանվել են 55-ի ու 45-ի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Դեմոկրատների գործածած տեխնոլոգիան, որը հայտնի է որպես ֆիլիբաստեր, առաջին անգամ է գործածվում ԱՄՆ-ում վերջին 50 տարիներին։ Իսկ հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելն էլ արդեն հայտնել է, որ մտադիր է դիմել այսպես կոչված «միջուկային տարբերակին», այսինքն փոխել քվեարկության կանոնները, որպեսզի Գորսաչի թեկնածությունը հնարավոր լինի հաստատել պարզ մեծամասնությամբ։
Դեմոկրատների այս դիրքորոշումը պատասխան քայլ է հանրապետականների գործողություններին, որոնք անցած տարի արգելափակել էին Մերիկ Գարլանդի նշանակումը Գերագույն դատարանի անդամի պաշտոնին։ Նրա թեկնածությունն անձամբ Օբաման էր առաջարկել։
Իսկ հիմա հանրապետականները բացահայտ հայտարարում են, որ հարցը ոչ թե Նիլ Գորսաչի թեկնածությունն է, այլ այն , որ դեմոկրատները այսպես կարող են արգելափակել Դոնալդ Թրամփի առաջարկած ցանկացած թեկնածուի նշանակումը։




























