Այսօր՝ նոյեմբերի 16-ին Սարյանի արձանի մոտ տեղի է ունեցել հայաստանյան մի շարք լրատվամիջոցների բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները նաեւ հայտարարություն են ընդունել, որում, մասնավորապես, ասված է.
«Վերջին օրերին մամուլը պարբերաբար ահազանգում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող բռնությունների, հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների մասին, ինչին իշխանության ներկայացուցիչներն արձագանքում են կամ անհամոզիչ հերքումներով, կամ հեգնանքով:
Մենք վրդովված ենք մեր գործընկերոջ նկատմամբ հետեւողականորեն իրականացվող այս քաղաքականությունից եւ կարծում ենք, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում նրա անվտանգությունն ապահովված չէ:
Մենք պահանջում ենք իշխանությունից ապահովել Հայկական ժամանակ թերթի գլխավոր խմբագրի կյանքի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը: Պահանջում ենք ստեղծել հատուկ անվտանգության ռեժիմ եւ երաշխավոր կանգնել նրա կյանքի ապահովության համար: Պահանջում ենք պատժել եւ կանխել բոլոր այն անձանց ձեռնարկած գործողությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղված կլինեն Փաշինյանի անվտանգության դեմ: Պահանջում ենք ազատ արձակել Փաշինյանին»:
Հայտարարությանը միացել են Ա1+, «Առավոտ», Armenia Today, hetq.am, Հրապարակ, ԱԼՄ, Ժամանակ, ԳԱԼԱ, News.am, Առաջին լրատվական, Epress.am, lragir.am, 168 ժամ, Չորրորդ ինքնիշխանություն, Tert.am լրատվամիջոցները, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ-ն:





























