Ռուսաստանի ՊՆ-ն Պենտագոնին տեղեկացրել է Սիրիայի հարցով կապի թեժ գիծը փակելու մասին։ Այս մասին հայտնել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ռազմական -դիվանագիտական ուղիներով Պենտագոնին է ուղարկվել Ռուսաստանի ՊՆ-ի նոտան՝ Հուշագրի շրջանակում գործող «թեժ գծի» աշխատանքի դադարեցման մասին»,- ասել է նա։

Նրա խոսքով ԱՄՆ դեսպանատանը հանձնվել է նոտա՝ ապրիլի 8-ի ժամը 00։00-ից սկսած Հուշագրի գործողությունը դադարեցնելու մասին։

Սիրիայում թռիչքների անվտանգության մասին՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ կնքված հուշագիրը գործում էր 2015-ի հոկտեմբերից։ Կողմերը կանոնավոր տեսակապ էին կազմակերպում հուշագրի կատարման հարցերով աշխատախմբերի միջեւ։ Վերջին նման կոնֆերենցիան կայացել է մարտի 24-ին։

Կրեմլը հայտնել է, որ սիրիական ավիաբազային ԱՄՆ-ի հարվածից հետո այդ հուշագիրն իմաստազրկվել է։ Իսկ Պենտագոնը, իր հերթին , հայտնել է, որ թեժ գծով երկխոսությունը «ձեռնտու է բոլոր կողմերին»ու հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ շփումները կշարունակվեն։