Թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նախարարները քննարկել են իրավիճակը Սիրիայում՝Սիրիայի Հոմս նահանգում ԱՄՆ-ի հարվածների համատեքստում, որի հետեւանքով նաեւ խաղաղ բնակիչներ են զոհվել։ Լավրովը շեշտել է ագրեսիայի նման ակտի անընդունելիությունը, ասելով, որ դա կարող է միայն բարդացնել իրավիճակն ու խաթարել Ռուսաստանի ու Թուրքիայի ջանքերը՝ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Շեշտվել է Խան Շեյխունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, նաեւ նախկինում ահաբեկչական խմբավորումների կողմից քիմիական զենքի կիրառման դեպքերի բոլոր հանգամանքների օբյեկտիվ հետաքննման կարեւորությունը։
Կողմերը նշել են միջսիրիական բանակցությունները շարունակելու կարեւորությունը, որպես Սիրիայում խաղաղության ապահովման միակ ուղի։




























