Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար դեռ ոչ մի քաղաքական ուժ առաջադրման հայտ չի ներկայացրել ԿԸՀ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Նա հիշեցրեց, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը վաղնը՝ ապրիլի 9-ին, մինչեւ ժամը 18.00-ն:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, պետք է ներկայացվեն 2017 թ. մարտի 30-ից մինչեւ ապրիլի 9-ի ժամը 18:00-ն։ Իսկ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի 2017 թ. ապրիլի 9-14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ:

Ավելի վաղ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել էին ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք»-ի ցուցակը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանիի» ցուցակը՝ Զարուհի Փոստանջյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ «Հայկական վերածնունդը» հայտարարել են, որ չեն մասնակցելու ընտրություններին: Իսկ ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանն էլ NEWS.am-ին հայտնել էր, որ դեռ քննարկում են այդ հարցը: