Հայաստանի փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 17-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական` 48-րդ նիստի աշխատանքներին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի թվում են մասնավորապես Մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում ԱՊՀ երկրների համագործակցության մասին շրջանակային ծրագրի, Սպառողների պաշտպանության ոլորտում ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմնի ստեղծման մասին նախագծերը: Կքննարկվեն նաեւ ԱՊՀ երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի գործունեության, ԱՊՀ երկրներում մտավոր սեփականության պաշտպանության եւ իրավական պահպանության վիճակի մասին եւ այլ հարցեր:
Փոխվարչապետը նոյեմբերի 19-ին կմիանա Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը:




























