Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը պարզաբանումներ է ներկայացրել նոյեմբերի 15-ին «Սիվիլիթաս» հիմնադրամում բանակին վերաբերող քննարկումների վերաբերյալ, որտեղ խոսք է գնացել բանակի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի պահելու, մասնավորապես, այն մասին, որ բանակում 34 սպանության դեպքերից ՊՆ-ն հաղորդել է միայն 10-ի մասին:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը վարում է թափանցիկ պաշտպանական քաղաքականություն: ՀՀ զինված ուժերի նկատմամբ գործում են ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմներ, որոնց մեջ առանձնահատուկ դեր ունեն Ազգային ժողովը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կառույցները: Այդ մեխանիզմները աստիճանաբար ավելի են ընդլայնվում ու կատարելագործվում` հանդիսանալով պաշտպանական բարեփոխումների կարեւորագույն ուղղություններից մեկը:

Սակայն թափանցիկությունը չի նշանակում, որ ցանկացած քաղաքացի կամ քաղաքացիական խումբ կարող է ազատորեն իր տրամադրության տակ ունենալ ազգային անվտանգությանը վերաբերվող այնպիսի տեղեկություններ, որոնցով կարող է որոշել պաշտպանական բյուջեի ծախսերի նպատակահարմարությունը»,- նշել է Դ. Կարապետյանը, հիշեցնելով, որ պետական բյուջեի ընդունման ժամանակ ԱԺ-ում պաշտպանական ծախսերի քննարկումները փակ են, ինչն օրինաչափ երեւույթ է:

«Պատկերացնու՞մ եք, եթե որեւէ քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարությանը մեղադրի տեղեկատվություն ստանալու իր իրավունքը սահմանափակելու մեջ` պահանջելով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների, նրանց տեղակայման վայրերի, կազմի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ: Արդյոք, պետական եւ հասարակական շահը պահանջում է, որ նման տեղեկությունները հասու լինեն մեր հակառակորդի՞ն»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է արտերկրի բարձրագույն ռազմակրթական հաստատություններում 2005-2010թթ. ուսանած ՀՀ ԶՈՒ սպաների թվաքանակին, ապա, ըստ հաղորդագրության, նրանց թիվը շուրջ 800 է:

«ՀՀ ՊՆ կողմից կառուցվող շենքերի բնակիչների ցուցակների վերաբերյալ շահարկումները նույնպես անհիմն են, քանի որ դրանք կարելի է ձեռք բերել բաց աղբյուրներից: Նման ցուցակներ գոյություն ունեն համայնքներում, ընտրական հանձնաժողովներում, ՀՀ ոստիկանությունում եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է քննարկման ժամանակ հնչած այն տեսակետին, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին բնակարանների տրամադրումը տեղի չի ունենում թափանցիկության մթնոլորտում, տեղեկացնում եմ, որ գոյություն ունի հերթացուցակ, եւ բնակարանի հերթագրված յուրաքանչյուր զինծառայող  քաջատեղյակ է հերթացուցակում իր տեղի վերաբերյալ: Այդ բնակարանները միանգամից սեփականության իրավունքով չեն նվիրաբերվում, դրանք ծառայողական բնակարաններ են, եւ զինծառայողի ծառայության վայրի փոփոխության դեպքում հանձնվում են այլ զինծառայողի:

ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումների արդյունքում հանրային իրազեկումը աստիճանաբար ավելի բարձր մակարդակի է լինելու, սակայն այն երբեք չի անցնելու խելամտության ու թույլատրելիության սահմանը»,- ասված է Պնախարարի մամուլի քարտուղարի պրզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ այդ քննարկմանը մասնակցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որի ղեկվարած կազմակերպությունը դատի է տվել Պնախարար Սեյրան Օհանյանին, ով հրաժարվել է տեղեկատվություն ներկայացնել 2009-ին բանակում մահացած զինծառայողների մասին: Սաքունցը նշել է, որ ՊՆ-ն որեւէ օրինական հիմք չի ներկայացրել այդ տեղեկությունը չհաղորդելու համար: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարզաբանման մեջ այդ մասին եւս ոչինչ նշված չէ: