Հայաստանում արդեն կա կոնյակի սպիրտի իսկության անալիզատոր, բայց փորձաքննությունը դեռ պարտադիր չէ կոնյակի հավաստագրման համար։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Գյուղնախի սննդամթերթի անվտանգության հարցերով պետական տեսչության ղեկավար Իշխան Կարապետյանը։
«Կան պահանջներ, որ պարունակությունը պետք է համապատասխանի մակնշմանը։ Եթե լինի նման խախտում, կլինի նաեւ պատիժ։ Մենք հետեւում ենք դրան ու անցած տարի ստուգում ենք իրականացրել ոգելից խմիչքի 12 արտադրողների մոտ։ Բայց կոնյակի սպիրտի կամ գինու իսկությունը հաստատող փորձաքննության պահանջը դեռ պարտադիր չէ։ Սահմանել նման պահանջ, թե ոչ, նախարարությունը պետք է որոշի»,- հայտնել է Կարապետյանը։
C2 եւ H13 իզոտոպերի անալիզով կարելի է բացահայտել խաղողի ծագումը ու ստուգել՝ արդյոք կոնյակը, գինին կամ խաղողի օղին պատրաստված են եղել տեղական հումքից ու իրավունք ունեն կոչվել հայկական։ Ավելին, անալիզը թույլ է տալիս նեղացնել ստուգումը ոչ միայն մինչեւ երկիր, այլեւ մինչեւ որոշակի տեղանք։
Անալիզի համար սարքավորումը ( միջուկային – մագնիսային ռեզոնատորը) ձեռք է բերվել Ռուսաստանի աջակցությամբ ու տեղադրված է Սննդամթերքի անվտանգության հարցերով պետական ծառայությունում։



























