73-ամյա օրենքով գող Ասլան Ուսոյանը՝ «Դեդ Հասան» մականունով, լիովին ապաքինվել է դիպուկահարի հասցրած վնասվածքներից, սակայն այժմ նախկինից ավելի է վախենում իր կյանքի համար եւ մի քանի անգամ ուժեղացրել է իր թիկնազորը: Եթե սեպտեմբերին նրան ուղեկցում էին վարորդն ու թիկնապահը, այժմ նրան պաշտպանում են 10-ից ավելի թիկնապահներ, հաղորդում է Life News-ը:
Ռուսաստանի մայրաքաղաքով նա շրջում է շարասյունով, որը չի զիջում պետության առաջին դեմքերի ավտոշարասյանը, թեեւ լրագրողներին հաջողվել է նկարել նրան մոտ հեռավորությունից` առանց թիկնապահների կողմից նկատվելու:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, սեպտեմբերի 16-ին Դեդ Հասանի դեմ մահափորձ էր կատարվել Մոսկվայի Տվերսկոյ փողոցում: Ուսոյանն ու նրա թիկնապահ Արթուր Բաղրամյանը հրազենային վնասվածքներ էին ստացել:
Քրեականների հավաքում Դեդ Հասանը մահափորձի մեջ մեղադրել էր ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ջանիեւին: Ռովշան Լենքորանսկուն ձերբակալել էին սեպտեմբերի 15-ին` Կիեւում:





























