Ամերիկյան երգչուհի եւ դերասանուհի Շերն իրեն հայ է համարում: Որքան էլ տարօրինակ է, նա հասկացել է այդ «պարզ» փաստը, երբ ժամանել է Հայաստան:

«Երբ ես եղա Հայաստանում, գնացի Երեւան հենց այն ժամանակ, երբ այնտեղ պատերազմ էր: Իմ հայրը հայ է, բայց ես ծանոթացել եմ նրա հետ, երբ 11 տարեկան էի, այսինքն մինչեւ 11 տարեկանը չեմ իմացել, որ հայ եմ: Իսկ երբ տեսա հորս, նկատեցի, որ մենք շատ նման ենք: Բայց երբ եկա Հայաստան, ապշեցի, որ նման եմ բոլորին, բոլորն էլ՝ ինձ: Դա ինձ համար բացահայտում էր, այո ես իսկապես հայուհի եմ»,- ասել է Շերը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:

Նրա խոսքով, մինչեւ Հայաստանում լինելն, «արյան կանչը» չի զգացել: «Մեր բեռնատար ինքնաթիռը մարդասիրական օգնություն էր տանում մարդկանց: Նրանք վատ վիճակում էին, առանց տանիքի եւ սննդի: Հրաշալի էր, որ ես եղա Հայաստանում, անգամ կարողացա օգնել մարդկանց»,- ասել է նա:

Նշենք, որ Շերի իսկական անունն է Շերիլին Լայպեր Սարգսյան: