Ամերիկացի միլիարդատեր Մայքլ Բլումբերգը 15 մլն դոլար կնվիրաբերի կլիմայի հարցով համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո։ Այս մասին հայտնում է Forbes-ը՝ վկայակոչելով Բլումբերգի հայտարարությունը։
Գումարը փոխանցվելու է Բլումբերգի բարեգործական հիմնադրամի միջոցով ՝ կլիմայի մասին ՄԱԿ շրջանակային հռչակագրի աշխատանքներին աջակցելու համար, ասվում է հայտարարության մեջ։ Միլիարդատիրոջ կարծիքով, կազմակերպությունը կարող է մեծ գումարներ կորցնել համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
«Ամերիկացիները դուրս չեն գալիս Փարիզյան համաձայնագրից։ Հակառակը՝ մենք առաջ ենք շարժվում»,- մեջբերում է Forbes-ը Բլումբերգի խոսքը։
Մայքլ Բլումբերգը Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանցից է։ 2017-ին նա զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը ամսագրի վարկանիշում, նրա կարողությունը 47․5 մլրդ դոլար է գնահատվում։
Այն մասին, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզյան համաձայնագրից նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է հունիսի 1-ին։ Նա պատճառաբանել է, որ եթե ԱՄՆ-ն կատարի համաձայնագրի բոլոր դրույթները, ապա մինչև 2025 թ երկիրը կարող է 2․7 մլն աշխատատեղ կորցնել։




























