Ինչպես Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւս ծայրաստիճան դրական վերաբերմունք կա Ռուսաստանի նկատմամբ: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվերով արվա հարցումների տվյալներով՝ ղարաբաղցիների 85 տոկոսը վստահում է Ռուսաստանին: Հարցվածների 78 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանն աջակցում է  Հայաստանին եւ ԼՂՀ-ին, մեծ դեր ունի հակամարտության կարգավորման գործում (87 տոկոս), շահագրգիռ է խաղաղության հաստատման մեջ (80 տոկոս):

Ըստ հարցման՝ Ղարաբաղում եւս ցածր է Եվրամիության հեղինակությունը: Հարցվածների միայն 16 տոկոսն է ասել, թե վստահում է այդ կազմակերպությանը, եւ միայն 20 տոկոսն է նշել, թե ԵՄ-ն դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Բավական ուշագրավ արդյունք է տվել արժեհամակարգի մասին հարցը: «Ո՞ր արժեհամակարգն է ձեզ ավելի մոտ՝ ռուսակա՞նը, եվրոպակա՞նը, թե՞ ասիականը» հարցին Լեռնային Ղարաբաղի բնակչության 47 տոկոսը պատասխանել է՝ հայկականը, թեեւ նման տարբերակ նրանց չի առաջարկվել: Այս հարցին հայաստանցիների կեսից ավելին պատասխանել էր «ռուսականը»:

Լեռնային Ղարաբաղում հարցումներն անցկացրել է «Պոպուլուս» կազմակերպությունը՝ հոկտեմբերի 22-ից 26-ը՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում: Հարցումներին մասնակցել է 804 մարդ: