Հոկտեմբերի 20-24-ին իրականացրած սոցիոլոգիական հարցումները (որին, ի դեպ, մասնակցել է 1650 մարդ) «Սոցիոմետրի» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանին հիմք են տալիս ասելու, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ազգային ժողով, ամենայն հավանականությամբ, մուտք կգործի նաեւ Հայ ազգային կոնգրեսը։ Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ինքը՝ սոցիոլոգը:

«Հատկանշական է, որ ՀԱԿ-ն առավել շատ ձայներ հավաքելու հնարավորություններ ունի Երեւանում, ուր քվեների քանակով կարող է հայտնվել 2-րդ կամ 3-րդ տեղում, մինչդեռ մարզերում նրա շանսերն ավելի փոքր են։ Բացի այդ, կատարված հարցումները ցույց են տալիս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ որպես ՀԱԿ առաջնորդ, համակրում է հայաստանցիների շուրջ 4 տոկոսը, մինչդեռ նրան այնքան էլ չհամակրող, սակայն վստահող մարդիկ կազմում են շուրջ 4,5 տոկոս»,- ասաց Ադիբեկյանը:

Անդրադառնալով կոալիցիոն ուժերի եւ խորհրդարանական ընդդիմության հնարավորություններին՝ սոցիոլոգը նկատեց, որ ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում միանշանակորեն կհայտնվեն Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ Օրինաց երկիր կուսակցությունները։ «Հայտնի է, որ կուսակցություններին հաղթանակ բերում են տվյալ կուսակցության անդամների թվաքանակը, կառույցների աշխատունակությունը միջընտրական շրջանում, ֆինանսական կարողությունները, ինչպես նաեւ հեղինակավոր մարդկանց քանակն այդ կուսակցություններում»,- նշեց Ադիբեկյանը՝ ավելացնելով, որ իր նշած կոալիցիոն երեք ուժերն  էլ նշված բոլոր ռեսուրսներին այս կամ այն  չափով տիրապետում են։ «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԱԺ կանցնեն նաեւ ընդդիմադիր «Ժառանգությունը» եւ ՀՅԴ»,- համոզմունք հայտնեց սոցիոլոգը՝ իր ասածը պայմանավորելով Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վահան Հովհաննիսյանի վարկանիշներով եւ այդ կուսակցությունների հանդեպ տածած ընտրողների վստահությամբ:

Անդրադառնալով հարցումների արդյունքում կազմված, Հայաստանում ամենազդեցիկ մարդկանց ցուցակին՝ Ադիբեկյանը նկատեց, որ առաջին  տեղում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, երկրորդ հորիզոնականում՝ Գագիկ Ծառուկյանը, երրորդում եւ չորրորդում՝ համապատասխանաբար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ «Ինչ վերաբերում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա այն իջել է շուրջ 10 անգամով՝ հավասարվելով Րաֆֆի Հովհաննիսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վ ահան Հովհաննիսյանի վարկանիշներին»։

Վերջում սոցիոլոգը զգուշացրեց, որ իր ներկայացրած տվյալները վերջնական չեն եւ ավելի կոնկրետ վիճակագրություն ինքը կներկայացնի երկու շաբաթ անց։ «Այս հարցումները ոչ թե թվային տվյալներ են ճշտել, այլ փորձել են շոշափել հասարակության ներկայիս տրամադրությունները»։