Լեռանային Ղարաբաղին վերաբերող ցնցող նորություն պարունակող որեւէ փաստաթուղթ Աստանայում չի ստորագրվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգավամոր Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում դեկտեմբերին տեղի ունենալիք ԵԱՀԿ գագաթաժողովին: Նրա խոսքով՝ Աստանայում ստորագրվելիք փաստաթուղթը հնարավոր է վերաբերի հումանիտար բնագավառում համագործակցությանը:

Հարցին, թե հնարավո՞ր է որ ՀՀ նախագահը բոյկոտի նաեւ Աստանայի գագաթնաժողովը, ինչպես դա արեց Լիսաբոնի դեպքում, պատգամավորը պատասխանեց. «Եթե համոզվենք, որ այնտեղ հակահայկական, հակաարցախյան բան է լինելու, չի գնա, բայց իմ խորին համոզմամբ, ՀՀ նախագահը կգնա Աստանա»:

Ինչ վերաբերում է Լիսաբոնի գագաթաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելու փաստին եւ այդ առնչությամբ հնչած գնահատականներին, ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ «ՀՀ նախագահի դեմարշները գիտակցված ու հիմնավորված են» ու չեն վիժեցնի բանակցային գործընթացը»: Համլետ Հարությունյանը նշեց նաեւ, որ ՀՀ նախագահը միայնակ չէ, որ որոշել է չգնալ Լիսաբոն եւ այդ հարցի շուրջ վստահաբար  խորհրդակցել է Անվտանգության խորհրդի հետ: