Սերժ Սարգսյանը սկսել է ադեկվատ քայլեր անել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմարշների եւ հոխորտանքների դեմ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծավալվող քարոզչական պատերազմին: Պատգամավորը նշեց, որ Սերժ Սարգսյանը փոխել է իր դիվանագիտական լեզուն եւ անցել հարձակողական հայտարարությունների, քանի որ նախկին՝ խաղաղասիրական հայտարարությունները ադեկվատ չէին ընկալվում թե՜ միջազգային հանրության, եւ թե՜ Ադրբեջանի կողմից: Ըստ Հարությունյանի՝ հարձակողական հայտարարությունները դրական ազդեցություն են ունենում թե՜ հասարակության, եւ թե՜ բանակի մարտական ոգու վրա:
Համլետ Հարությունյանը մատնանշեց նաեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի քարոզչական քաղաքականության տարբերությունները: Նրա խոսքով, եթե Ադրբեջանն իր քարոզչությունը կառուցում է բացառապես ստի եւ կեղծիքի վրա, ապա Հայաստանի քարոզչությունը հիմնված է պատմական իրողությունների վրա: Եթե Ադրբեջանն իր քարոզչական աշխատանքի լեյտմոտիվը համարում է պատերազմի վերսկսումը, Հայաստանն, ընդհակառակը, խոսում է հարցը խաղաղ ճանապարհով լուծելու մասին: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների դիվանագիտական բառապաշարն ուսումնասիրելիս, ըստ Հարությունյանի, տպավորություն ենք ստանում, որ գործ ունենք մի կողմում՝ հորից Ադրբեջանը նվեր ստացած մարդու հետ, մյուս կողմում «փորձառու, երիտասարդ տարիքից մասսաների հետ աշխատած, պատերազմի բոլոր արհավիրքները տեսած մարդու հետ»:
«Երբ ես լսում եմ Իլհամ Ալիեւի բարբաջանքները, ես հասկանում եմ, որ նա ադեկտվատ չէ իրավիճակին եւ չգիտի՝ ինչ բան է պատերազմը, դրա համար հեշտությամբ է խոսում պատերազմի մասին: Մինչդեռ Սերժ Սարգսյանը, որը հասկանում է պատերազմի հետեւանքների կործանարար լինելը, անընդհատ սթափության կոչ է անում Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը: Սակայն տեսնելով, որ այդ կոչը ազդեցություն չի գործում, իր վերջին ելույթները դարձրեց, չէի ասի ագրեսիվ, բայց հարձակողական»,-հայտարարեց իշխանական պատգամավորը:
Ըստ հարությունյանի, այսպիսով ՀՀ նախագահը հասկացնում է միջազգային հանրությանը, որ Հայաստանը չի վախենում պատերազմից եւ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանին պարտություն է սպասվում:
ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ կարեւորեց քարոզչությունն օտար լեզուներով իրականացնելու եւ համապատասխան գրականություն հրատարակելու հարցը՝ նշելով, որ Ադրբեջանը տարեկան միլիոնավոր գումարներ է ծախսում այդ ուղղությամբ: Մինչդեռ Հայաստանը թերացել է այդ հարցում, ինչի հետեւանքով էլ Ադրբեջանը կարողացել է միջազգային հանրությանը մոլորեցնել՝ ԼՂ խնդրի ծագման վերաբերյալ կեղծ տեղեկատվություն մատուցելով:





























