«Սասնա ծռեր»-ի գործով նշանակված նիստն այսօր լուրջ միջադեպով է մեկնարկել: Գործով մի քանի ամբաստանյալների, ոստիկանների եւ դատական կարգադրիչների միջեւ բախումներ են սկսվել: Փաստաբանների հավաստմամբ՝ ոստիկաններն են հրահրել: Արեգ Կյուրեղյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը պնդում է, որ իր պաշտպանյալը թուղթ է փոխանցել իրեն, սակայն ոստիկանը խլել է այն, ինչի արդյունքում էլ լարվածություն է առաջացել: Ոստիկաններն ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին բռնի ուժով դուրս են բերել նիստերի դահլիճից:
Ոստիկանների այս վերաբերմունքը զայրացրել է «Սասնա ծռեր»-ի անդամների հարազատներին, որոնք սկսել են բղավել ու հարվածել դահլիճը նիստին հետեւողների սրահից բաժանող ապակիներին: Քաշքշուկի արդյունքում բերման է ենթարկվել «Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը: Դավիթ Եղիազարյանն ավելի ուշ ազատ է արձակվել, բայց նրա դեմ նյութեր են նախապատրաստվում՝ ոստիկանին հարվածելու փաստով:
Փաստաբանները փորձել են օգնել Դավիթ Եղիազարյանին, սակայն ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ նրան եւ քաշքշել են պաշտպաններին: Մինչ նիստի դատական կարգադրիչները նաեւ փորձել են խուզարկել պաշտպաններին, որոնք թույլ չեն տվել ու հրաժարվել են մտնել նիստերի դահլիճ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստը դեռ չսկսած՝ հետաձգել է՝ նիստերի դահլիճում ամբաստանյալների եւ փաստաբանների բացակայության պատճառաբանությամբ:
Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պաշտպանության ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցերից է խոսել: Նախ՝ սահմանային վիճակի մասին: Միջադեպեր եւ հակառակորդի կողմից սադրանքներ կարող են լինել ու լինում են, բայց լայնածավալ պատերազմական գործողություններ նախարարը չի կանխատեսում: Պաշտպանության նախարարը նաեւ թվեր է ներկայացրել. վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը, հաստատված տվյալներով, 8 զոհ է ունեցել:
Ինչ վերաբերում է սպառազինության համալրմանը. զենքի ձեռքբերումը, Վիգեն Սարգսյանի խոսքով, ինքնանպատակ չպետք է լինի: Ամենակարեւորն անվտանգության ապահովումն է՝ հաշվի առնելով իրադրությունն ու հակառակորդի սպառազինությունը:
Վիգեն Սարգսյանին հարցրել են նաեւ նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանի՝ աղմուկ բարձրացրած գործի մասին: Նախարարը զգուշացրել է. փաստեր է հրապարակելու: Դավիթ Հակոբյանը զինվորական հոսպիտալում վիրահատությունից հետո հաշմանդամություն է ձեռք բերել: Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ նրա գործը նախարարության եւ անձամբ իր ուշադրության կենտրոնում է եղել: Նույնիսկ նախկին զինծառայողի մորն աշխատանքով են ապահովել: Բայց Դավիթը փորձել է շահարկել իր կարգավիճակը, ինչի արդյունքում պատժվել է:
Ամեն անգամ հանդիպման ժամանակ խոսվում է նաեւ պաշտոնյաների որդիների՝ ծառայությունից խուսափելու մասին: Այսօրվա ասուլիսը նույնպես բացառություն չէր: Պարզվում է՝ որոշ պաշտոնյաներ այնքան են խուսափում հարցի մասին հրապարակումների կենտրոնում հայտնվելուց, որ նույնիսկ հրաժարվում են առողջական խնդիրներ ունեցող որդիներին վաղաժամ զորացրելուց: Նախարարը նաեւ անկեղծացել է. հայտնի պաշտոնյաներից մեկի որդին, որին հարթաթաթության համար չեն զորակոչել, կամավոր որոշել է սպայական ծառայության անցնել: Անտեսելով խնդիրը՝ թույլ է տվել:
Պաշտպանության նախարարությունում կրճատումներ են: Վիգեն Սարգսյանը վստահեցնում է, որ խոսքը ոչ թե հաստիքների, այլ ստորաբաժանումների կրճատման մասին է: Տարիներ շարունակ արհեստական ձեւավորված բաժիններ են գործել, հիմա դրանք փակվում են, իսկ աշխատակիցներին առաջարկում են այլ ստորաբաժանումներում աշխատել: Բարեփոխումները կառնչվեն նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբին:
Վիգեն Սարգսյանին կրկին հարցրել են նաեւ ապագայի ծրագրերի մասին: Պատասխանել է. վարչապետ դառնալ չի ուզում, երջանիկ է, որ կառավարությունը Կարեն Կարապետյանն է ղեկավարում:
Ընտրական գործընթացների հետ կապված գլխավոր դատախազության աշխատանքն առավելագույնս թափանցիկ է եղել, ընտրախախտումների փաստերով քրեական գործեր կան: Գլխավոր դատախազը վստահեցնում է, որ նույնը կլինի նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տարածված «ՍԱՍ Գրուպ»-ի ժողովի հայտնի ձայնագրության գործով: Նախաքննության փուլում տվյալներ հրապարակելը, սակայն, Արթուր Դավթյանը չի համարում:
Դատախազության համակարգում կոռուպցիայի առկայության մասին լրագրողների հարցին էլ Արթուր Դավթյանը հակադարձել է. ցանկացած դեպք իրավական հետեւանք է ունենալու: Որպես ապացույց հիշեցրել է Գեղարքունիքի մարզի դատախազի ձերբակալության մասին:
Սեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. լճում մարդ է խեղդվել: Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում: Փրկարարները լճից դուրս են բերել Սեւանի 48-ամյա բնակիչ Վալյա Ավագյանի դին:
Դոլարի փոխարժեքը փոքր-ինչ նվազել է, եվրոյինը՝ կտրուկ աճել: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 545, ռուբլունը՝ 8 դրամ 07 լումա, ֆունտինը՝ 615 դրամ:
Հունիսի 29-ին հանրապետության հյուսիսային որոշ շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը 2-4 աստիճանով կնվազի, իսկ հետո նույնքան կբարձրանա: Երեւանում վաղը երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +22+24, ցերեկը՝ +35+36 աստիճան տաքություն:











