Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ դատավարությունը։

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Ես տուրիստական ուղեւորություններ եմ կատարել։ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությունները ես ստացել եմ մեղադրական եզրակացության նյութերից»,– ասել է Լապշինը, փոխանցում է haqqin.az–ը։

«Իմ բլոգում ես ներկայացրել եմ միայն տուրիստական տպավորությունները, եւ դրանք քաղաքական հրապարակումներ չէին։ Ես Ղարաբաղում 2 անգամ եմ եղել եւ տեղական պաշտոնատար անձանց հետ ոչ մի շփում չեմ ունեցել»,– նշել է բլոգերը։ Դատական նիստը սկսվել է մեղադրական եզրակացության ընթերցմամբ։ Դատավարությունը կշարունակվի հուլիսի 3–ին։

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։ Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17-ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26-ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:

Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: