Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն շատ ուրախ է, որ գտնվում է Երեւանում եւ վաղուց է սպասել այս այցելությանը: Դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հենց ինքը` աշխարհահռչակ տենորը: Նա վաղը` դեկտեմբերի 3-ին, համերգ կտա մարզահամերգային համալիրում: Նրա հետ ելույթ կունենան նաեւ պորտուգալացի սոպրանո Աննա Մարիա Մարտինեսը, Բարսեղ Թումանյանը եւ սոպրանո Ռոզի Սվազյանը, իսկ դիրիժորելու են Էդուարդ Թոփչյանն ու Իսեյլ Յուրսկին:

«Ես վաղուց էի պլանավորել գալ Հայաստան, բայց չէր ստացվում: Իմ ամբողջ թիմի համար, այն մարդկանց համար, ովքեր վաղն ինձ հետ երգելու են, սա մեծ պատիվ է»,-ասաց իսպանացի օպերային երգիչը:

Դոմինգոյի ծանոթությունը Հայաստանի հետ դեռ մանկուց է եղել: «Երբ ես փոքր էի, Փարիզում մայրս երաժշտության դասեր էր վերցնում մադամ Բաբայանից եւ այդ ժամանակվանից ես արդեն ծանոթ էի հայերի հետ»,-նշեց Դոմինգոն` հավելելով, որ ունի բազմաթիվ հայ ընկերներ, որոնց թվում է նաեւ Շառլ Ազնավուրը, Լեւոն Սահյանը, Առլեն Ֆրոստը եւ այլն:

Օպերային երգիչը նշեց, որ ժամանակի սղության պատճառով չի հասցնի շրջել Երեւանում:

«Ես շատ կարճ ժամանակով եմ եկել, շատ բան չեմ տեսել եւ դժվար էլ հասցնեմ տեսնել: Իմ տուրիստական այցելությունը թողնենք մյուս անգամվա, որովհետեւ այս հոյակապ երկիրն արժանի է, որ իմ միտքն  անջատվի եւ ես որպես երգիչ վայելեմ ձեր երկիրը»,-ասաց իսպանացի տենորը:

Նշենք, որ Պլասիդո Դոմինգոն առ այսօր կատարել է 128 օպերային դերեր` իտալերենով, ֆրանսերենով, գերմաներենով, իսպաներենով եւ ռուսերենով: Նա արժանացել է Ֆրանսիայի Պատվո Լեգիոնի, մի շարք համալսարանների պատվավոր դոկտորի կոչման: Դոմինգոն Լոս Անջելեսի եւ Վաշինգթոնի օպերային թատրոնների գեղարվեստական տնօրենն է: