Հայաստանի կառավարությունը վերամշակել է 2011 թ. պետական բյուջեի նախագիծը՝ խորհրդարանից ստացված առաջարկությունների հիման վրա։ Նախագծի վերամշակված տարբերակն ուղարկվել է Ազգային Ժողով, եւ հաջորդ շաբաթ կհաստատվի արտահերթ նիստով։

Ընդհանուր առմամբ՝ պատգամավորները ներկայացրել են 616 առաջարկություն։ Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ դրանց մեկ երրորդից ավելին ընդունվել է։

Վերամշակված պետական բյուջեում եկամուտներն ու ծախսերն ավելացվել են 2,5 մլրդ դրամով (մոտ 7 մլն դոլար)։ Սա նշանակում է, որ առաջին անգամ բյուջեի ծախսային մասը գերազանցեց 1 տրլն դրամը՝ կազմելով 1001 մլն դրամ (մոտ 2,8 մլրդ դոլար)։

Եկամտային մասը հիմնականում ավելացվել է դրամաշնորհների հաշվին։ Մասնավորապես՝ բյուջեում ի հայտ է եկել եկամտի նոր աղբյուր, կապված «Մակրոտնտեսական աջակցություն» դրամաշնորհի հետ՝ 1,2 մլրդ դրամի չափով (մոտ 3,3 մլն դոլար)։ Փոխարենը նվազեցվել է «Հազարամյակի մարտահրավերներ» դրամաշնորհը 330 մլն դրամով (մոտ 900 հազ. դոլար)։

Բյուջեի ծախսային մասում կատարվել են ե՜ւ կրճատումներ, ե՜ւ ավելացումներ։ Այսպես՝ ոռոգման համակարգերի սուբսիդիան կրճատվել է 500 մլն դրամով (մոտ 1,4 մլն դոլար), լուրջ վերաբաշխումներ են կատարվել կրթական ծախսերում։

Մոտ 6 մլրդ դրամով (մոտ 16,5 մլն դոլար) ավելացվել է ուժային նախարարությունների ֆինանսավորումը, որի 80 տոկոսից ավելին ուղղվելու է պաշտպանության նախարարությանը։