Հայաստանի Անշարժ գույքի պետական կադաստրի վերջերս հրապարակած ընթացիկ տարվա հունվար սեպտեմբեր ամսիներին վերաբերող զեկույցում նշված են նաեւ անշարժ գույքի միջին գները:

Հայտնի է, որ Հայաստանի բնակչության մի հատվածի բարեկեցության բարելվման հետեւանքով նախորդ տասնամյակում Հայաստանում եւ, հատկապես, մայրաքաղաքում բնակելի տարածքների գները կտրուկ աճեցին: Անշարժ գույքի գների աննախադեպ աճն առաջ բերեց այդ ֆենոմենի պատճառների ենթադրություններ: Շատերի կարծիքով, այդ գործընթացին նպաստել են ռիելտորական ընկերությունները, որոնք հետաքրքրված են թանկարժեք անշարժ գույքի առք ու վաճառքով:

Անցած տարի համաշխարհային ճգանաժամի ազդեցության տակ Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցած ցնցումները բերեցին այն բանին, որ գնորդների հետաքրքրությունը բնակելի անշարժ գույքի նկատմամբ նվազեց: Սակայն զեկույցում նշվում է, որ Երեւանում ընթացիկ տարում գների փոփոխություններ են եղել:

Կենտրոնում բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը մեկ տոկոսով նվազել է: Փոքր կենտրոնում ավանդաբար գները զգալիորեն գերազանցում են մյուս տարածքների նույն մակարդակի բնակարանների գները: Արաբակիրի համեմատ տարբերությունը 1,2 անգամ է, իսկ Նուբարաշենի համեմատ` 3,2 անգամ:

Այս տարվա հունվար սեպտեմբեր ամիսներին Կենտրոնից բացի մյուս համայնքներում բնակարանների քառակուսի մետրը թանկացել է 3,3 տոկոս եւ կազմել է 275,2 հազար դրամ: Կենտրոնում բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը 468,7 հազար դրամ է:

Համեմատության համար նշենք, որ 45 քառակուսի մետր բնակտարածքով մեկ սենյականի բնակարանը կահույքով Գերմանիայի անկյուններից մեկում` Սաքսոնիայում կարելի է գնել 25 հազար եվրոյով: Երեւանի կենտրոնում միջին չափանիշի, նույն բնակտարածքով բնակարանը 45 հազար եվրոյից ավելի արժի, այն էլ առանց կահույքի:

Կենտրոնից դուրս գների աճի մի քանի վարկած կա: Ենթադրաբար, հարուստներն արդեն գնել են անհրաժեշտ բնակարանները Կենտրոնում եւ նրանց տեղը եկել են պակաս ապահովված գնորդներ, որոնք բնակարաններ են ձեռք բերում մյուս համայնքներում: Պահանջարկի մեծացման արդյունքում աճել են նաեւ գները, իսկ Կենտրոնում պահանջարկը նվազել է, ինչն էլ հանգեցրել է գների նվազվման: