Դանիայի թագուհի Մարգարետ երկրորդի ամուսինը՝ արքայազն Հենրիկը, խախտել է ավանդույթը, հայտնելով , որ չի ուզում իրեն հուղարկավորեն կնոջ կողքին։ Այս մասին տեղեկությունը հաստատել է Թագավորական պալատը։

AFP-ի փոխանցմամբ, 83-ամյա կոնսորտ արքայազն Հենրիկը, որը ծնունդով Ֆրանսիայից է, բազմիցս խոսել է իր հիասթափության մասին այն կապակցությամբ, որ միշտ երկրորդական դերում է եղել։ Կնոջ թագադրումից հետո չարժանանալով թագավորի տիտղոսի, արքայազնը հաճախ է արտահայտվել իր դժգոհության մասին, ինչը դուր չէր գալիս նրա հպատակներին։ Հիմա նա ասում է, որ եթե կենդանության օրոք հավասար չի համարվել իր կնոջը, ուրեմն չի ուզում հավասար լինել նաեւ մահից հետո։ Այսպիսով զույգը խախտում է ավանդույթը ու միասին չի հուղարկավորվելու։

Այդուհանդերձ, արքայազնը ուզում է, որ իր աճյունը Դանիայում հանգչի, սակայն մանրամասները դեռ չի հայտնել։