Այսօր` դեկտեմբերի 3-ին սենսացիոն բացահայտումներ է հրապարակել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ Կաթնամթերքի որակի ստուգումները ցույց են տվել, որ խանութներում վաճառվող պանրի որոշ տեսակներ ստացվել են կաթի փոշի խառնելով, իսկ պաստերիզացված կաթի որոշ տեսակներում հայտնաբերվել են ոչ կաթնային նյութեր, մասնավորապես՝ սոդա։ Ընդ որում՝ արտադրողները մակնշման մեջ չեն նշում, որ պանիր ստանալիս օգտագործվել է կաթի փոշի, իսկ կաթի մեջ սոդա է ավելացված։ Ավելին՝ պանիր արտադրողները ուղարկված հարցումներին պատասխանել են, որ 2010 թ. կաթի փոշի չեն օգտագործել, դա արել են միայն 2009-ին։
Ներկայացնելով այդ տեղեկությունները՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հրաժարվեց նշել այն ընկերությունների անունները, որոնք նման խախտումներ են կատարում։ Նրա խոսքով՝ փորձաքննության արդյունքները ուղարկվել են համապատասխան մարմիններին, առաջին հերթին՝ գյուղատնտեսության նախարարությանը, քանի որ խնդիրը վերաբերում է սննդի անվտանգության օրենսդրության խախտմանը։
Թեեւ Հանձնաժողովն առայժմ ձեռնպահ է մնացել վարույթ հարուցելուց, եւ այդ խախտումները իրավաբանորեն չի գնահատել որպես «սպառողների մոլորեցում» կամ «անբարեխիղճ մրցակցություն», այնուամենայնիվ Ա. Շաբոյանը չբացառեց, որ շահագրգիռ կազմակերպությունների արձագանքներն ստանալուց հետո իրականացվեն ավելի կտրուկ քայլեր։





























