Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման՝ 2010 թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 8,1 հազ. տոննա պանիր։
Սակայն պանրի շուկայում ուսումնասիրություն իրականացնող Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն, ամփոփելով առավել խոշոր 16 տնտեսվարող սուբյեկտներից ստացված արդյունքները, ստացել է ընդամենը 209 տոննա ցուցանիշ։
Պանիր Հայաստանում արտադրում են ինչպես գործարանները (արդյունաբերական արտադրություն), այնպես էլ տնային տնտեսությունները (տնայնագործական արտադրություն)։ Ստացվում է, որ Հայաստանում արտադրվող պանրի 90 տոկոսից ավելին բաժին է ընկնում տնայնագործությանը։ Արդյոք, դա այդպե՞ս է։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը համոզված է, որ պառողական շուկայում իրացվող պանրի մեծ մասն իրականում գործարանային ծագում ունի։ Սակայն այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանում 1 շնչի հաշվով իրացվում է ընդամենը 0,63 կգ պանիր, ինչն իրականությունից հեռու է։ Համեմատության համար՝ Եվրամիությունում միջին հաշվով տարեկան սպառվում է 16,55 կգ պանիր։
Ուսումնասիրության արդյունքները Հանձնաժողովի կողմից ուղարկվել են պետեկամուտների կոմիտե՝ հնարավոր ստվերի բացահայտման նպատակով։




























