Շիրակի մարզի Ախուրյան համայնքի շաքարի գործարանը, որն ի դեպ, պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, արդեն մի քանի օր է, ինչ չի աշխատում։ Մանրամասներ ճշտելու համար NEWS.am-ի թղթակիցը զրուցեց գործարանի գործադիր տնօրեն Էդիկ Սարգսյանի հետ։
Նա պատմեց, որ հարկադիր պարապուրդը պայմանավորված է հումքի սպառված լինելով։ «Բայց Բրազիլիայից եկող նավն արդեն ճանապարհին է։ Կարծում եմ, որ մոտավոր հաշվարկներով, հումքի հերթական խմբաքանակը Հայաստանում կլինի երկու շաբաթից»,- նշեց Էդիկ Սարգսյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ թեպետ գործարանն այժմ արտադրանք չի տալիս,սակայն բավարար քանակությամբ պահեստավորված շաքար ունի։ «Այդ պաշարը Հայաստանին կհերիքի 4-5 ամիս»,- հավաստիացրեց գործարանի գործադիր տնօրենը՝ միաժամանակ ավելացնելով, որ աշխատելու ընթացքում Ախուրյանի շաքարի գործարանը հսյաստանյան շուկայի պահանջարկն ապահովելուց զատ, շուրջ 1500 տոննա արտադրանք է արտահանել Վրաստան։ «Նախատեսում ենք նոր շուկաներ գտնել նաեւ ԱՊՀ երկրներում։ Այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- տեղեկացրեց Սարգսյանը։
Վերջում նա հերքեց շրջանառվող լուրերը, թե դեռ նոր-նոր աշխատել սկսած գործարանը ժամանակին չի վճարում աշխատավարձերը։
«Աշխատավարձ վճարում ենք յուրաքանչյուր ամսվա 10-ին՝ գուցե մեկ-երկու օր այս կողմ-այն կողմ»։
Նշենք, որ Ախուրյան համայնքի շաքարի գործարանի տարեկան հզորությունը կազմում է 220 հազար տոննա շաքար, այնինչ հայկական շուկայի ներքին պահանջարկը 90 հազար տոննա է:





























