Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այսօր դեկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում ամփոփեց ազգային հավաքականի եւ Երեւանի Փյունիկի մրցաշրջան-2010-ը:
Վարդան Մինասյանը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ցույց տված արդյունքը շատ լավ գնահատեց:
Մինասյանի խոսքով հավաքականի առջեւ դրված խնդիրները մեծամասամբ լուծված են:
Նախկին կազմի ֆուտբոլիստները արդեն ստիմուլ չունեին, ձգտում չկար: Ներքին մոտիվացիա չէր երեւում նրանց մոտ եւ դրվեց սերնդափոխության խնդիր: Ազգային հավաքականին միացան երիտասարդական հավաքականի 9, 10 ֆուտբոլիստներ: Անհրաժեշտ էր ձեւավորել կորիզը, ինչը մասամբ կատարվել է: Մենք շարունակում ենք սելեկցիոն աշխատանքները: Պարբերաբար հավաքներ են լինում ամիսը մեկ: Սկիզբը դրված է: Պետք է շարունակել աշխատանքը: Հավաքականը դեռ կայացման շրջանում է: Ընտրական խմբից դուրս գալու խնդիր դրված չէ, սակայն դրված է ամեն խաղում հաղթանակ տանելու խնդիր:
Ֆուտբոլիստների հատուկ պարգեւատրման խնդիր հավաքականում դրված չէ: Պարգեւատրումը լավ հիմքերի վրա է: Նրանք շատ լավ պարգեւատրվում են: Սա ակումբ չէ եւ փող աշխատելու տեղ չէ: Հայրենասիրությունն է առաջնահերթ,- նշեց Մինասյանը:
Վարդան Մինասյանը հայտարարեց, որ այսօրվա ներուժով Հայաստանի հավաքականի հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ սենսացիա չի համարի: Սակայն խաղի օրը, եթե բոլոր հանգամանքները միավորվում են` լինում է հաղթանակ, իսկ աշնանը գրանցված հաղթանակներում պատահականություններ արդեն չկան:





























