Այսօր`դեկտեմբերի 6-ի առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Լեռնանիստի (Վերին Ախտա) գյուղապետարանից ահազանգել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն եւ հայտնել, որ սեփական տանը, կախվելու միջոցով ինքնասպան է եղել նշված գյուղի բնակչուհի 74-ամյա Ամալյա Օհանի Գրիգորյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնի քննիչները: Դեպքի վայր են ժամանել նաեւ դատաբժիշկն ու դիակ տեղափոխող ավտոմեքենան:
Այս պահին արդեն քննչական գործողություններն ավարտվել են, դիակը տեղափոխվել է դիահերձարան, իսկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գյուղացիները պատմում են, որ երկու օր առաջ տեղի է ունեցել Ամալյա Գրիգորյանի 41-ամյա որդու թաղումը, ով մահացել էր Ռուսաստանում` կաթվածից: Թաղման ժամանակ որդեկորույս կինը հայտարարել էր, թե այլեւս չի ուզում ապրել եւ ինքնասպան է լինելու, քանի որ մահացել են իր ամուսինն ու երկու որդիները եւ ինքը մնացել է միայնակ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























