Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի օրակարգից հետ կանչելու իրավասությունը պատկանում է Հայաստանի նախագահին: Այդ մասին դեկտեմբերի 6-ին մեկնարկած Ազգային Ժողովի նստաշրջանում հայտարարել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը իր խոսքում նշել է, թե Wikileaks-ի բացահայտումներն ապացուցեցին, որ Թուրքիան երբեւէ մտադրություն չի ուենցել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ հաշտեցման գործընթացը պարզապես պատրվակ էր:
«Ժամանակը չէ՞, արդյոք, որ հայկական կողմն այդ բացահայտումների ֆոնի վրա իսկապես ԱԺ մեծ օրակարգից հետ վերցնի հայ-թուրքական արձանագրությունները, կամ ընդհանրապես հետ կանչի իր ստորագրությունը»,- հարցադրում է արել պատգամավորը:
«Դա Հանրապետության նախագահի եւ կառավարության առաջարկությունն է, որ պետք է վավերացնել այդ արձանագրությունները Ազգային ժողովում: Դուք գիտեք, որ Հայաստանի նախագահը կասեցրել է այդ արձանագրությունների գործընթացը, որը գտնվում է Ազգային ժողովում: Հետկանչը Ազգային Ժողովի լիազորությունների հետ կապ չունի եւ նախագահի լուծելիք հարցն է»,- մանրամասնել է Հովիկ Աբրահամյանը:





























