Որքան էլ հայկական լոբբին ԱՄՆ-ում փորձում է փայտ մտցնել թուրքական լոբբիի անիվների արանքը, սայլը, ցավոք, գնում է դեպի Թուրքիա։

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համեմատություն արեց Միացյալ Նահանգներից վերջերս վերադարձած թուրքագետ Արտակ Շաքարյանը։

«Ես, լինելով ԱՄՆ Կոնգրեսում եւ Վաշինգտոնի վերլուծական կենտրոներում, երբ  փորձում էի  ուսումնասիրել հայկական եւ թուրքական լոբբիների թույլ եւ ուժեղ կողմերը, ինձ համար պարզեցի, որ հայկական լոբբին, ցավոք սրտի, ԱՄՆ-ում այնքան էլ ուժեղ չէ։ Թուրքական լոբբին ավելի լայնածավալ եւ մեծամասշտաբ է՝ չհաշված բիզնես-լոբբիները»,- ասաց նա ու հավելեց. «Վաշինգտոնի՝ հիմնականում թուրքական ուժերի կողմից ֆինանսավորվող վերլուծական կենտրոններում եւ ամերիկյան բուհերում  կազմվում եւ հասարակությանն են ներկայացվում թուրքամետ դասախոսություններ եւ վերլուծություններ։ Այնպես որ, Անկարան այսօր ռազմավարական բավական մեծ ազդեցություն ունի ԱՄՆ որոշ շրջանակների վրա»:

Արտակ Շաքարյանը միաժամանակ տեղեկացրեց, որ իր տվյալներով ԱՄՆ-ը նախատեսում է 2015-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո մեծացնել Թուրքիայի վրա գործադրվող ճնշումները:

«ԱՄՆ-ում Թուրքիայից հիասթափված են հատկապես հայ-թուրքական գործընթացի առումով։ Շատ վերլուծաբաններ նույնիսկ նշում են, որ այդ երկիրը կարող է դադարեցնել գործընթացին բարձր մակարդակով իր մասնակցությունը: