Էստոնիայի նախագահ Քերսթի Կալյուլայդն իր նախկին համադասարանցիներին արտասովոր անակնկալ է մատուցել: Նա Տալլինում նախագահական Կադրիորգի պալատում շրջանավարտների երեկույթ է կազմակերպել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երեկույթը տեղի է ունեցել մոտ 1 ամիս առաջ, հայտնում է Õhtuleht պարբերականը: Դրան մասնակցել են Կալյուլայդը, նրա նախկին 31 համադասարանցիները, որոնց հետ նա 1987 թվականի հունիսի 25-ին Տալլինի թիվ 44 միջնակարգ դպրոցի ավարտական վկայական է ստացել: Հանդիպման մասնակիցներից մեկը՝ Մարտ Քիրսիպուուն պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ միջոցառումն իսկապես տեղի է ունեցել նախագահական պալատում եւ անցել է անկաշկանդ մթնոլորտում:

Էստոնիայի նախագահի գրասենյակից չեն հերքել շրջանավարտների հանդիպման անցկացման փաստը, սակայն հայտարարել են, որ այն կազմակերպվել է բացառապես մասնակիցների միջոցներով: «Նախագահն իրավունք ունի իր ծառայողական հաստատություններից օգտվելու ինչպես պաշտոնական, այնպես էլ մասնավոր միջոցառումների համար: Այսպես է եղել միշտ՝ անկախ այն հանգամանքից, թե ով է զբաղեցրել նախագահի պաշտոնը»,- հայտարարել է Կալյուլայդի հասարակայնության հետ կապերի խորհրդականը:

Սակայն նման պարզաբանումը Էստոնիայում ոչ բոլորին է բավարարել: Մի շարք լրագրողներ հարց են բարձրացրել, թե ինչու է այդ հանդիպումն անցկացվել նախագահական պալատի տարածքում, այլ ոչ թե նախագահի Նիմեի մասնավոր նստավայրի այգում:

Եվրապատգամավոր Յանա Թոոմը նշել է, որ պետության ղեկավարի նման օրինակը կարող է վարակիչ լինել նաեւ մյուս քաղաքական գործիչների համար: