Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ նրա քաղաքական դաշինքը սխալվում են ենթարկվելով սպառազինության հարցում ամերիկյան վարչակազմի պահանջներին: Այս մասին Bild-ում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:

«Ինձ վախեցնում է սպառազինության հարցում Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) կույր ենթարկվելը: Մերկելը, ՔԴՄ/ՔՍՄ-ը եւ նույնիսկ, ի սարսափ ինձ, Ազատ դեմոկրատական կուսակցությունը ենթարկվում են Դոնալդ Թրամփի պահանջներին: Նա մեզնից պահանջում է կրկնապատկել պաշտպանական բյուջեն՝ 70 մլրդ դոլար: Սա պարզապես աներեւակայելի է»,- նշել է նախարարը:

«Ըստ երեւույթին, Մերկելը կարծում է, որ եթե այս հարցում Թրամփին ընդառաջ գնա, նա ճկունություն հանդես կբերի որեւէ այլ թեմայով: Կարծում եմ՝ սա մեծագույն սխալ է»,- ասել է նա:

Գաբրիելը նախազգուշացրել է, որ Գերմանիան «սառը պատերազմ 2.0-ի ճիշտ կենտրոնում է», իսկ աշխարհն այս ընթացքում «միջուկային սպառազինության նոր փուլի» շեմին է:

Թրամփը ՆԱՏՕ-ի երկրներից պահանջում է պաշտպանական բյուջեներում մուտքերը հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոսի մակարդակին եւ վկայակոչում է Ուելսում դաշինքի գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերած համաձայնությունները: Գաբրիելն, իր հերթին, բազմիցս նշել է, որ այս փաստաթղթում ամրագրված է միայն ՀՆԱ-ի 2 տոկոսի ուղղությամբ ընթանալու պատրաստակամությունը, սակայն այս մեծության խիստ համաձայնեցվածության այնտեղ չկա: